Տասը մեդալ, վեցը՝ Գյումրի

Տասը մեդալ, վեցը՝ Գյումրի

Մոլդովայում կազմակերպված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր հաշվով նվաճեց 2 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ։ Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին նվաճեց 2 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ, կանանց պայքարում Հայաստանի ընտրանին նվաճեց 3 արծաթ։

Տղամարդկանց պայքարում Փաշիկի Ալավերդյանի գլխավորած Հայաստանի ընտրանու նվաճած 7 մեդալից 4-ն իրենցով արեցին գյումրեցի ծանրորդները՝ 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։ Ընդհանրապես Եվրոպայի երկու չեմպիոն տվեց Հայաստանի ընտրանին Մոլդովայում, երկուսն էլ գյումրեցի։

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացան Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան) և Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան

Գարիկ Կարապետյանը 109 կգ քաշայինների պայքարում երկամարտում ցույց տվեց 411 կգ արդյունք (185+226 կգ), իսկ Վարազդատ Լալայանը գերծանր քաշայինների պայքարում երկրամարտում ցույց տվեց 450 կգ արդյունք (210+240 կգ)։ Ընդգծենք՝ գյումրեցի ծանրորդները կարիերայում երկրորդ անգամ արժանացան Եվրոպայի լավագույնի կոչմանը։ Մինչ այս Գարիկը հաղթել էր 2023 թվականի, իսկ Վարազդատը հավասար չէր ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Գյումրեցի ծանրորդներից արծաթե մեդալակիր դարձավ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան (անձնական մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան) 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ), բրոնզե մեդալ նվաճեց Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան) 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ)։

Կանանց պայքարում Արտաշես Ներսիսյանի գլխավորած Հայաստանի ընտրանու նվաճած 3 մեդալից 2-ն իրենով արեցին գյումրեցի ծանրորդները։ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացան Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի ներկայացուցիչները՝ 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ) ու 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ)։ Երկուսի անձնական մարզիչն է Քրիստինե Պետրոսյանը։

Հավելենք, որ մնացած չորս մեդալը Հայաստանի ընտրանու կազմում նվաճել են 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ՝ արծաթ), 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203 կգ՝ արծաթ), 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ՝ բրոնզ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ՝ արծաթ)։