Ցենտռ Ցոլակը, Պայչաձեն ու ալեքպոլյան ֆուտբոլի հռչակումը Թբիլիսիում

Ցենտռ Ցոլակը, Պայչաձեն ու ալեքպոլյան ֆուտբոլի հռչակումը Թբիլիսիում

․․․ մոտ մեկ դար առաջ Ալեքսանդրապոլի որբերը ստիպել են ոտքի կանգնել Թբիլիսիի մարզադաշտում հավաքված հարյուրավոր ֆուտբոլասերների: Այո, հենց Ալեքսանդրապոլի, որտեղ ֆուտբոլի առաջին նվիրյալներից է եղել Պոլիգոնի որբանոցի սան Ցոլակ Հայկազյանը՝ Ցենտռ Ցոլակը, որին վավերագիրները բնութագրել են որպես խելամիտ, հունական ատլետիզմով տոգորված անձնավորություն:

Որբ պատանին կազմել է թիմեր, մարզել ու նրանց հետ զգալի հաջողությունների հասել կովկասյան մեծ քաղաքները ներկայացնող հավաքական թիմերի հետ մրցավեճերում: Ցենտռ Ցոլակը ֆուտբոլային գիտելիքները փոխանցել է չորս սերնդի ու նրանց համար ապագայի ուղի հարթել: Ֆուտբոլով զբաղվել շատերն են ցանկացել, սակայն Հայկազյանը սկզբից բավարարվել է մեկ-երկու թիմեր կազմելով: Երկրորդ թիմն են ներկայացրել Աղասի Գևորգյանը, Իգիթ Սիմոնյանը, Վանո Աբրահամյանը, Նազար Հովսեփյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Մանուկ Մինասյանը, Գրիգոր Ավդալյանը, Սեդրակ Աբրահամյանը և ուրիշներ, իսկ առաջինում լավագույններն են ընդգրկված եղել` Հայկ Սարգսյանը, Հայկ Դեմիրճյանը, Ճապ Գևորգը, Գասպար Սեդրակյանը, Ռաֆայել Մանուկյանը, Հարություն և Սուրեն Շախբազյանները, Թռչնակ Հայկազյանը (Ցենտռ Ցոլակի եղբայրը), Քրիստափոր Սերոբյանը, Երվանդ Թադևոսյանը, Տիգրան Առաքելյանը, Պարգև Ծառուկյանն ու Բաղդիկ Մովսիսյանը (Բղդո):

Բղդոն իր հուշերում պատմում է, որ թուրքական յաթաղանից հետո հայտնվել են որբանոցում` ամերիկացիների խնամակալության ներքո: Ամեն ինչ սովորեցրել են, խնամել` ապագա ամերիկացիներ դարձնելու համար: Առողջներին, հետաքրքրասերներին, տաղանդավորներին ընտրել են, առանձնացրել ու նրանց նկատմամբ ավելի մեծ է եղել ուշադրությունը: Բղդոենց ամենից շատ դուր է եկել սպորտը, մասնավորապես ֆուտբոլը: Սկզբում հորթի փուչիկի վրա շորեր ու թելեր են փաթաթել, ինչով էլ սկսել են մարզվել ու ոտքով հարվածել սովորել:

«Հայկազյան Ցոլակը` այդ հրաշք պատանին, ղեկավարությունից ձեռք բերեց իսկական գնդակ ու սկսեց թիմեր կազմավորել: Այնպիսի հմտությամբ ընտրեց, կոփեց ու ուսուցանեց մարզիկներին, որ կարծես ֆուտբոլի բարձրագույն հաստատություն էր ավարտել: Որբանոցում առաջին և երկրորդ թիմերը միմյանց հետ էին պարապում ու մրցում: Ինչ խոսք քաղաքային և հանրապետական մրցումներում մեզ հավասարը չկար, բոլորին հաղթում էինք խոշոր հաշիվներով: Շուտով  մեր համբավը տարածվեց ամբողջ Կովկասում ու հրավերներ ստացանք Բաքվից ու Թբիլիսիից:

Բաքվում մրցակիցը թույլ էր, խնայեցինք խոշոր հաշվով հաղթել, մեր հայրենակիցներ Մարկարով Արտյոմն (Էդուարդ Մարկարովի հայրը) ու Արտաշ Ամիրջանյանն էին այնտեղ խաղում: Հետո գնացինք Թբիլիսի: Այ դա խաղ էր, չտեսնված, չլսված: Նորակառույց մարզադաշտը տոնական տեսք էր ընդունել ու բոլոր տրիբունաները լեփ-լեցուն էին: Կովկասի մեծ քաղաքներից եկել էին այդ յուրահատուկ խաղը դիտելու: Շատերը դեռևս չհասկանալով ֆուտբոլը` թողնում, հեռանում էին` ասելով 22 խենթ իրար են հրում, վազում ու ոտքով գնդակին են խփում, ցանցը գրավելիս էլ ուրախանում, գոռում, գոչում են․․․

Վերևի շարքի սև մարզաշապիկով ֆուտբոլիստը Ցոլակ Հայկազյանն է՝ Ցենտռ Ցոլակը

Ինչևէ, խաղը սկսվեց: Վրացի հանդիսականները դժգոհած ոտքի կանգնեցին, բողոքեցին թե ինչու չի խաղում Պայչաձեն, մենք եկել ենք նրա խաղը դիտելու, եթե չխաղա, կհեռանանք դաշտից: Վրացական թիմի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց բողոքներին, խաղը շարունակվեց: Հետո իմացանք, որ մեզ կոպիտ խաղացողների տեղ դնելով, խնայել էին Բորիսին, որ վնասվածք չստանար: Երբ մեր թիմը փափուկ, կուլտուրական ու գեղեցիկ խաղ սկսեց ցուցադրել, մարզասերները լռեցին, սկսեցին համակ ուշադրությամբ հետևել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ, երբ Հայկազյանը իր կրկեսային, անհավատալի ճարպկությամբ գնդակ էր պահում, փոխանցում, հարվածում, վահ էին բացականչում ու ծափահարում էին:

Վրացի անվանի խաղացողները տեսնելով, որ Հայկազյանն անկասելի է, սկսեցին կոպիտ խաղալ նրա դեմ, ինչ-որ տեղ ահաբեկել: Հայկազյանն էլ զգալով այդ, ավելի զգույշ ու ավելի անխոցելի դարձավ: Խաղի եռուն պահին, աժդահա Գագուան, ողջ մարմնով փակեց Ցենտռ Ցոլակի ճանապարհը, սրընթաց առաջացող Ցոլակն էլ, գնդակը նրա կողքից առաջ գցելով, անհավատալի թռավ, անցավ Գագուայից ու գնդակը մեխեց ցանցը: Ողջ ստադիոնը ոտքի կանգնեց, օվացիա տվեց, ծափահարեց: Փառավոր գոլ էր:

Մրցակիցը սթափվեց, երեք ֆուտբոլիստով սկսեցին նեղել Հայկազյանին, բայց էդ էլ չօգնեց, նա սկսեց «պաս» բաժանել, սեղմել մրցակցին նրա դարպասին: Քիչ անց, Ճապ Գևորգը գնդակը հասցրեց Թռչնակին (Ցոլակի եղբորը), սա էլ Քրիստափորին, դա էլ Երիին, Երին կրունկով նետեց ինձ, ես էլ մի մրցակցի խաբս տալուց հետո գնդակը բարձրից կախեցի դարպասի վրա, ուր և Ցոլակը դարպասապահից բարձր ցատկելով, գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Դրսից եկածներն ու հայ մարզասերները ցնծության մեջ էին:

Թբիլիսիի ֆուտբոլի ղեկավարությունը ստիպված խաղադաշտ դուրս բերեց Պայչաձեին: Ինչ խոսք, անվանի, փառապանծ ֆուտբոլիստ էր, վտանգ զգացող, կանխող: Խաղադաշտ մտնելուց անմիջապես հետո թողեց կենտրոնն ու արագորեն վազեց դեպի իրենց դարպասը: Այն պահին, երբ Հայկազյանն երրորդ գոլը շշեց…, բայց այն ցանցին չհասավ, հիանալի թռիչքով մրցակցի խաղացողը գլխով գնդակը հանեց դարպասից: Ստադիոնը թնդաց ծափերից, բացականչություններից: Իրոք, հիանալի էր ծնվող գոլի վտանգն ու դրա կանխումը:

Երկրորդ խաղակեսում Պայչաձեն գործի դրեց առաջատարի իր հմտությունները, հավաքեց թիմը, փոխարինեց որոշ հոգնած խաղացողների (փոփոխությունների սահմանափակում չի եղել) ու խաղը ավելի աշխուժացավ: Երկուստեք վազքի մեջ էին: Երկու թիմում էլ լինելով առաջատարներ` Հայկազյանն ու Պայչաձեն ասպետություն ցուցաբերեցին միմյանց նկատմամբ, իրար դեմ դուրս չեկան: Մեր պաշտպանները սխալներ թույլ տվեցին և Պայչաձեի գլխավորությամբ ու Բերզինաշվիլու, Գագուայի, Գոգոբիձեի օգնությամբ երեք գոլ խփեցին մեզ: Մենք և պարտվեցինք, և հաղթեցինք, ճանաչում ձեռք բերեցինք: Կովկասցիները հիացան մեր խաղով: Ալեքպոլ-Լենինականը հռչակվեց ֆուտբոլով, իսկ վերջում Պայչաձեն ողջագուրվելով Հայկազյանի հետ, իր հիացմունքն արտահայտեց գեղեցիկ, գրավիչ խաղի համար: Մարզասերները ոտնկայս պատվեցին երկարատև բուռն ծափահարություններով: Այո, Ցենտռ Ցոլակը, մեր վաղեմի ֆուտբոլի փառապսակն էր, բազմակողմանի զարգացած մարզիչն ու հաղթանակների ավանգարդը…»