Ո՞վ է պատասխանատուն. ուղիղ վեց տարի անց էլի 9:1
- Ֆուտբոլային տարին Հայաստանի հավաքականը սկսեց 9:1 հաշվով պարտությամբ, փակեց կրկին 9:1 հաշվով պարտությամբ՝ անցկացրած տասը խաղում բաց թողնելով 35 գոլ: Սա վերջին 7 տարվա վատագույն ցուցանիշն է:

- 9:1 հաշիվը նորություն չէ, նման պատկեր էր ուղիղ վեց տարի առաջ. 2019 թվականի նոյեմբերի այս օրերին թիմը կրեց այդ պահին իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը: Ճիշտ է, Պալերմոյի ֆիասկոյից երեք տարի անց ազգային ընտրանին թարմացրեց պատմական ռեկորդը՝ 9:0 հաշվով պարտվելով Օսլոյում:

- Պալերմոյի ու Օսլոյի արանքում սակայն մի բան էր տեղի ունեցել. Հայաստանը հաղթել էր Մակեդոնային, որը դրանից շատ չանցած նույն Պալերմոյում հաղթել էր իտալացիներին ու գնացել Եվրո, որին այդ փառահեղ հաղթանակից հետո վերջին 5 խաղում Հայաստանը խփել է ընդամենը 1 գոլ, բաց թողել` 12 գոլ:
- Օսլոյի խայտառակությունից հետո էլ մի բան տեղի ունեցավ. գիշերը ժամը 03:00-ի կողմերը Մելիքբեկյան և Նիկողոսյան Արմենների ղեկավարած կառույցը տեքստ հրապարակեց, որ հունիսին կունենան մարտական տեսք, նպատակը՝ հայտնվել Եվրոյում: Տեքստին հաջորդած 8 խաղում միայն հավաքականը բաց թողեց 21 գոլ՝ տանելով ընդամենը մեկ հաղթանակ:
- Այդ տեքստից մինչ օրս Հայաստանի ազգային ընտրանին անցկացրել է 38 խաղ, վերջին 37 խաղում դաշտից առանց գոլ ընդունելու չի հեռացել:
- Նմանատիպ տեքստով էլ էս տարի Թբիլիսիում հանդես եկան: Այս անգամ խոստացան լավ պատրաստված ու մարտակավ տեսքով ներկայանալ Մունդիալի ընտրական փուլի խաղերին: Ինչ խոսք, ստացվեց: 2012 թվականից հետո Հայաստանի ընտրանին կրկնեց որակավորման փուլերում իր լավագույն արդյունքը՝ չորս թիմանոց խմբում զբաղեցնելով չորրորդ տեղը` 6 խաղում խփելով 3, բաց թողնելով 19 գոլ:
ChatGPT հարթակում հարցրեցի, թե ի՞նչ ապագա է կանխատեսում հայկական ֆուտբոլին լավ առումով՝ հաշվի առնելով վերջին յոթ տարվա էղածն ու չեղածը, որի օլիմպին Արմեն Մելիքբեկյանի և Եղիշե Մելիքյանի համատեղ լուսանկարն է: Ֆիքսեք՝ ոչ թե միայն Հայաստանի հավաքականի, այլ՝ հայկական ֆուտբոլի: Կետերով ներկայացրեց ու վերջում ամփոփեց. առաջին ենթակետում գրեց հետևյալը. «Կարևոր է՝ Մելիքյանը չդառնա այն անձը, որի միջոցով ՀՖՖ-ն ձեռք կբերի լեգիտիմություն»:

Մոտ վեց ամիս առաջ էի վերջին հրապարակումն արել, Թբիլիսիում խոստացված հունիսյան փառահեղ վերադարձին էլ չանդրադարձա, ոչ էլ թռչող հոլանդացու թռնելուն ու հաստատ սա էլ չէր լինի, եթե արհեստական ինտելեկտը նման կետով չսկսեր իր ամփոփիչ տեքստը:
- Լեգիտիմության մասին
Մոտ երկու տարի առաջ «Փյունիկի» արդեն նախկին նախագահ Արթուր Սողոմոնյանի` «ՀՖՖ. Աշխատանքի ամփոփում» խորագրի ներքո հրավիրված ասուլիսի շրջանակներում Եղիշե Մելիքյանը մոտ քսան րոպեանոց ելույթ ունեցավ: Ահա այդ ելույթից փոքրիկ հատվածներ. «… բոլորիս պարզ է՝ ինչ է կատարվում, ինչ են անում ու ոնց են գնում առաջ… Դա անինքնասիրություն է, դա պադոշություն է… Արհեստական մի հատ սիստեմ է սարքած, ես դա կհամարեմ մաֆիա ինչ-որ ապահոված ձայներով… Պաշտոնապես հայտարարում եմ անօրինական են աշխատում… Ցավում եմ, որ անում են ու անցնում է այս ամեն ինչը…»
- Նեղացնելու մասին
Վերոհիշյալ ելույթից մոտ երկու տարի անց Եղիշե Մելիքյանը «Հանրապետականի» ասուլիսի սրահում արդեն որպես Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ կոչ է անում. «…մի նեղացրեք մեզ, հավատացեք…»: Մեզ ասելով ո՞ւմ ի նկատի ունի Մելիքյանը: Իրե՞ն, մարզչական շտաբի՞ն ու ֆուտբոլիստների՞ն: Շատ լավ, ո՞վ է այսքան ժամանակ նեղացրել մարզիչներին ու ֆուտբոլիստներին: 9:1-ից հետո բանից բեխաբար հոլանդացուն կծափահարե՞ր կամ կաջակցե՞ր ինչ-որ մեկը:

Երևի ես էի նեղացրել Մելիքյանին՝ դատի տալով, ես էի, երևի, որ Մելիքյանի թիմին խաղադաշտ չէի տրամադրում, ես նեղացրեցի Հենրիկ Մխիթարյանին, որի խաղը վայելելու փոխարեն նրա անունը հավաքականի կոնտեքստում հնարավոր է լսել միայն այն դեպքում, երբ հանկարծ շփոթենք, օրինակ, Հենրի Ավագյանի հետ, երևի ես էի, որ ֆարերյան պատմական խայտառակությունից հետո, էղածն ու չեղածը փաթթեցի Պետրակովի վզից, հա, ես էի երևի Թբիլիսիում չորս բոլորս հավաքել հավաքականի մարզչին, ավագին ու նրանց անունից անհույս խոստումներ տալիս, իսկ հետո… իսկ հետո այն, որ ոչ մարզիչն է հիմա թիմում, ոչ՝ ավագը:

Վերջինս, ճշտել եմ, հաստատ ինձնից չի նեղացել: Ու հա, իմ հրաժարականն էին, երևի, պահանջում ֆանատական շարժումները, ինչի համար ձերբակալվեցին ու հենց վերջիններիս ինադու վրացիներին բերեցի ու փափուկ տեղավորեցի «Հանրապետականում» …
- Ո՞վ է պատասխանատուն
Վերոհիշյալ ելույթում Եղիշե Մելիքյանը կարճ անդրադառնում է նաև Հայաստանի ազգային հավաքականին ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին: Ասում է՝ գրանցված վերջին արդյունքների պատասխանատուն ոչ թե մարզիչն է, այլ՝ ՀՖՖ նախագահը, որը, ըստ Մելիքյանի, պետք է պատասխանատվություն վերցներ ու բացատրություն տար հանրությանը: Լավ, իսկ հիմա՞, հիմա ո՞վ է պատասխանատուն…
«Փյունիկ» ՖԱ. 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ ներկայիս ղեկավարության կատարած աշխատանքի մասին ամփոփ զեկույցի հիմնական դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ: