Մերը հոկեյն է․ տվեց, անցավ ֆուտզալին

Պարզվում է՝ մերը շայբով հոկեյն է։ Այ մարդ, տվեց, անցավ ֆուտզալին՝ թողնելով ձեռնունայն Նիկողոսյանին ու Մելիքբեկյանին։ Մարդիկ ոչ ավելի, ոչ պակաս Աշխարհի առաջնության փոխչեմպիոն են։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը թիմային մարզաձևում ոչ միայն մասնակցեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, այլ նաև դարձավ արծաթե մեդալակիր։ Ըսքանից հետո, եթե իհարկե մնան իրենց պաշտոնին, ինչպես են վերոհիշյալ պարոնները ՀՖՖ տարվա ամփոփիչ ժողովում դնելու ֆուտզալային նույն պլաստինկեն։
Զգո՞ւմ եք, պարոններ, թե ինչ ահավոր է հնչում վերոգրյալը։ Հիմա պատկերացրեք, թե որքան ահավոր են հնչում ձեր մտքի փայլատակումները հունիսից հունիս, ասուլիսից ասուլիս, առավել ևս երբ ֆուտզալն ու ֆուտբոլը դնում եք մի հարթության վրա՝ փորձելով ջրել ձեր ֆուտբոլային ձախողումներն ու ոչ կոմպետենտությունը։
Շտանգիստներն էլ ընտեղ ինչ կար հաղթեցին՝ և՛ տղեքը, և՛ աղջիկները թիմայինով դառնալով թիվ մեկն Եվրոպայում։ Ի՞նչ վատ արդյունք է թիմային: Մարզաձևը համակարգող կառույցի ֆեյսբուքն էլ գրեց, թե մինչ որոշ ազգեր մեծանում են՝ գնդակին հարվածելով, Հայաստանում մեծանում են՝ ծանրաձող բարձրացնելով։ Երևի որոշ ազգերի մեջ վրացոնց էլ են ի նկատի ունեցել։ Ի՞նչ իմանաս, թե ինչ կա էդ եվրոպացիքի գլխում։ Մինչ այդ էլ վրացիներից մեկն էր գրել, թե բա հայերը հաղթեցին ֆուտբոլի խաղը իրենց հյուրընկալությամբ և կուլտուրայով։ Ըսքանից հետո գնդակն ինչերի՞ս է պետք, հատկապես ֆուտզալի։