Դանինգ-Կրյուգերի էֆեկտին ծանո՞թ են Նիկողոսյանն ու Մելիքբեկյանը

Նիկողոսյանն ու Մելիքբեկյանը փորձեցին, չստացվեց։ Ասուլիս կոչվածի ընթացքում վերջինս մեղադրեց ներկաներից մեկին մանիպուլյացիայի մեջ, բայց իրականում հենց իրենք էին փորձում դրա միջոցով սվաղել սեփական անգործությունն ու անկարողությունը։ Արմեններից Նիկողոսյանը պաթոլոգիկ ստախոսությունից հաճախ է խոսում, ենթադրվում է լավ ուսումնասիրել են թեման հոգեբանական մանիպուլյացիայի հնարքները յուրացնելուն զուգահեռ։
Դանինգ-Կրյուգերի էֆեկտին, տեսնես, ծանո՞թ են վերոհիշյալ պարոնները, երբ գիտելիքի և փորձի զգալի պակաս ունեցողները դա գիտակցելու կարողություն չունեն ու, չնայած կարող են սխալը սխալի հետևից անել, հակված են մտածել, որ իրենցից կոմպետենտ այդ գործում չկա։
Իսկ պարանոյայի մասին արդյոք լսե՞լ են։ Ճիշտ է, դրա զառանցանքային խանգարումների պատճառը դեռ պարզված չէ, բայց մասնագետների ասածով դրանով տառապողների հիսուն տոկոսն առողջանալու լավ շանս, ամեն դեպքում, ունեն։ Իսկ արդյոք գիտեն՝ ի՞նչ է իսպանական ամոթը, որը նրանց կառավարման տարիներին շարունակ ուղեկցում է հայ ֆուտբոլասերին։
Ցավով եմ արձանագրում՝ կշարունակի ուղեկցել, քանի դեռ ազգային ընտրանու ֆուտբոլիստները նմանօրինակ ասուլիսների դաբռո են տալիս՝ 9։0, 9։1 հաշվով նվաստացուցիչ պարտություններից հետո ստորագրելով համատեղ տեքստերի տակ՝ հունիսին վերադառնալու անհույս հույսերով։
Եվ վերջում փոքրիկ ու իրական պատմություն մեր ֆուտբոլիստների համար․ Ոչ վաղ անցյալում մի իսպանացի, որը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը համատեղում էր ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնի հետ, ցանկացավ յուրովի տոնել իր երկրի կանանց ազգային ընտրանու չեմպիոնությունը Մունդիալում ու միամիտ կամ գուցե միտումնավոր համբուրեց ֆուտբոլիստներից մեկին։ Վերջինս դեպքից հետո, այնուհետև նաև դատարանում պնդեց, որ ոչ մեկին իրեն համբուրելու թույլտվություն չէր տվել։
Համբույրը պատճառ էր, որ վերջինիս օր առաջ հրաժարականը պահանջի ողջ ֆուտբոլային Իսպանիան՝ սկսած ակումբներից մինչև ֆուտբոլիստներ։ Հակառակվում էր սկզբում, բայց հետո տվեց ու տվեց միայն այն բանից հետո, երբ Աշխարհի չեմպիոն հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հայտարարեցին բոյկոտ ու հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ։ Հրաժարական տվեց նաև ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնից։ Պդի տար, չտալ չէր կարող։