ChatGPT հարթակում հարցրեցի, թե ի՞նչ ապագա է կանխատեսում հայկական ֆուտբոլին լավ առումով՝ հաշվի առնելով վերջին յոթ տարվա էղածն ու չեղածը, որի օլիմպին Արմեն Մելիքբեկյանի և Եղիշե Մելիքյանի համատեղ լուսանկարն է: Ֆիքսեք՝ ոչ թե միայն Հայաստանի հավաքականի, այլ՝ հայկական ֆուտբոլի: Կետերով ներկայացրեց ու վերջում ամփոփեց. առաջին ենթակետում գրեց հետևյալը. «Կարևոր է՝ Մելիքյանը չդառնա այն անձը, որի միջոցով ՀՖՖ-ն ձեռք կբերի լեգիտիմություն»:
Մոտ հինգ ամիս առաջ էի վերջին հրապարակումն արել, Թբիլիսիում խոստացված հունիսյան փառահեղ վերադարձին էլ չանդրադարձա, ոչ էլ թռչող հոլանդացու թռնելուն ու հաստատ սա էլ չէր լինի, եթե արհեստական ինտելեկտը նման կետով չսկսեր իր ամփոփիչ տեքստը:
- Լեգիտիմության մասին
Մոտ երկու տարի առաջ «Փյունիկի» արդեն նախկին նախագահ Արթուր Սողոմոնյանի` «ՀՖՖ. Աշխատանքի ամփոփում» խորագրի ներքո հրավիրված ասուլիսի շրջանակներում Եղիշե Մելիքյանը մոտ քսան րոպեանոց ելույթ ունեցավ: Ահա այդ ելույթից փոքրիկ հատվածներ. «… բոլորիս պարզ է՝ ինչ է կատարվում, ինչ են անում ու ոնց են գնում առաջ… Դա անինքնասիրություն է, դա պադոշություն է… Արհեստական մի հատ սիստեմ է սարքած, ես դա կհամարեմ մաֆիա ինչ-որ ապահոված ձայներով… Պաշտոնապես հայտարարում եմ անօրինական են աշխատում… Ցավում եմ, որ անում են ու անցնում է այս ամեն ինչը…»
- Նեղացնելու մասին
Վերոհիշյալ ելույթից մոտ երկու տարի անց Եղիշե Մելիքյանը «Հանրապետականի» ասուլիսի սրահում արդեն որպես Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ կոչ է անում. «…մի նեղացրեք մեզ, հավատացեք…»: Մեզ ասելով ո՞ւմ ի նկատի ունի Մելիքյանը: Իրե՞ն, մարզչական շտաբի՞ն ու ֆուտբոլիստների՞ն: Շատ լավ, ո՞վ է այսքան ժամանակ նեղացրել մարզիչներին ու ֆուտբոլիստներին: 5:0-ից հետո բանից բեխաբար հոլանդացուն կծափահարե՞ր կամ կաջակցե՞ր ինչ-որ մեկը:
Երևի ես էի նեղացրել Մելիքյանին՝ դատի տալով, ես էի, երևի, որ Մելիքյանի թիմին խաղադաշտ չէի տրամադրում, ես նեղացրեցի Հենրիկ Մխիթարյանին, որի խաղը վայելելու փոխարեն նրա անունը հավաքականի կոնտեքստում հնարավոր է լսել միայն այն դեպքում, երբ հանկարծ շփոթենք, օրինակ, Հենրի Ավագյանի հետ, երևի ես էի, որ ֆարերյան պատմական խայտառակությունից հետո, էղածն ու չեղածը փաթթեցի Պետրակովի վզից, հա, ես էի երևի Թբիլիսիում չորս բոլորս հավաքել հավաքականի մարզչին, ավագին ու նրանց անունից անհույս խոստումներ տալիս, իսկ հետո… իսկ հետո այն, որ ոչ մարզիչն է հիմա թիմում, ոչ՝ ավագը: Վերջինս, ճշտել եմ, հաստատ ինձնից չի նեղացել: Ու հա, իմ հրաժարականն էին, երևի, պահանջում ֆանատական շարժումները, ինչի համար ձերբակալվեցին ու հենց վերջիններիս ինադու վրացիներին բերեցի ու փափուկ տեղավորեցի «Հանրապետականում» …
- Ո՞վ է պատասխանատուն
Վերոհիշյալ ելույթում Եղիշե Մելիքյանը կարճ անդրադառնում է նաև Հայաստանի ազգային հավաքականին ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին: Ասում է՝ գրանցված վերջին արդյունքների պատասխանատուն ոչ թե մարզիչն է, այլ՝ ՀՖՖ նախագահը, որը, ըստ Մելիքյանի, պետք է պատասխանատվություն վերցներ ու բացատրություն տար հանրությանը: Լավ, իսկ հիմա՞, մի քանի ամսից կամ մի տարուց ո՞վ կլինի պատասխանատուն: Էլի կարվի ու կանցնի կգնա՞…
«Փյունիկ» ՖԱ. 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ ներկայիս ղեկավարության կատարած աշխատանքի մասին ամփոփ զեկույցի հիմնական դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ: